«Հանճարը ժողովրդի իմաստությունը հավաքում է իր բարձր իմացության մեջ, արվեստ է դարձնում և նորից վերադարձնում է ժողովրդին` տալով նրան նոր ուժ, նոր կյանք»։
Երվանդ ՔՈՉԱՐ
Ի ՀԵՃՈՒԿՍ ՆԱԽԵՐԳԱՆՔԻ
Պատվարժան ընթերցող, ներքոնշյալ առաջարկներս խնդրում եմ դիտարկել հայ ավանդական ու արդիական կերպարվեստի վերածննդի, այլ կերպ ասած` «Դարձ դեպի երկիր» ծրագրի շրջանակներում։ Երջանիկ կլինեմ, եթե գործնական և ստեղծարար առաջարկներով մասնակցեք գերհասունացած այս ծրագրի քննարկմանը, եթե, իհարկե, համամիտ եք «Մայրաքաղաք Երևանը և երկրի մյուս քաղաքները վերածվել են ապազգային հակագեղարվեստի հանգրվանների» հռչակագրին։
Այնի՜նչ...
ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՓԱԿ-ՈՒՄ
Գաղտնիք չկա, Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ու ՆՓԱԿ-ը միևնույն թուջե սանրի կտավն են։ Այլ կերպ բնորոշած` կեղծված արևմտականության հայաստանյան դպրատները։ Անշուշտ, ոմանց համար դրանք բարձր արվեստի օազիսներ են, անկախ պետականության գաղափարն այդպես էլ բովանդակորեն չմարսած մեր դեռևս բախտակորույս հայրենիքում։ Այլոց աչքում դրանք գեղարվեստի Ամուլսարեր են։ Այպիսով, վաղուց, շա՜տ վաղուց ժամն է ահազանգ հնչեցնելու, այլ կերպ ասած` անհրաժեշտ է կազմաքանդել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլուխկոտրուկներն արձան առ արձան, քանդակ առ քանդակ և դրանք ի պահ հանձնել նրա գաղափարական կաթնեղբայր ՆՓԱԿ-ին։ Իսկ ՆՓԱԿ-ի առջև անըմբռնելի տրամաբանությամբ տեղադրված Մաեստրո Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանը (կերտված 1959-ին) հարկավոր է փոխադրել Թամանյան փողոց, որտեղ ծավալվել է Գաֆէսճեան կենտրոնը։ Սա հնարավո՞ր է իրականացնել. միանգամայն, պարզապես ազգային պետականության կերտման ջատագով ուժերը պետք է խնդիրը դիտարկեն հենց ազգային պետականության կառուցման համատեքստում։ Բայց, մինչև անդրադարձը «Մաեստրո Քոչար» պուրակին, այցելենք Օղակաձև զբոսայգի։
ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ` ԳԱՖԷՍՃԵԱՆԱ-ՆՓԱԿ-ՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ
Մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգին եզակի քաղաքակրթական երևույթ է Հայկ Մարությանի տնօրինմանը հանձնված Երևանում, քանի որ բարեկարգվում է բավականին ստեղծագործաբար, նոր ծառուղիները ոլորապտույտ են, սալահատակը գրավիչ է, բազալտակոփ շինություններ են ուրվագծվում և այլն։ Սակայն զբոսայգու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն մերձ հատվածում փակցված «Ավելի բարեկարգ Երևան» պաստառների վրա պատկերագրված են բարեկարգված զբոսայգում տեղադրվելիք քանդակները, որոնք ասես մահվան տեսիլներ են, ինչ-որ հակաբանական մարդուկներ, որոնք, ըստ քաղաքապետակարնի մտահղացման, զարդարելու են վերափոխված զբոսայգին եվրակրթված գեղարվեստով։ Այնինչ Օղակաձև զբոսայգին լիասիրտ կարող է ծառայել հայ արդի կերպարվեստին, դառնալով քանդակագործական սիմպոզիումների հանգրվան։ Արժե՞ այս մասին նախ խորհել, այնուհետև սիմպոզիումները կյանքի կոչել։ Կարծես թե` այո։ Մնում է, որ գործող քաղաքային իշխանությունները փորձեն դարձի գալ և գեղաշեն զբոսայգին հագեցնեն հայ ազգային արդի կերպարվեստի ընտիր նմուշներով։ Միով բանիվ,մեկնարկը տանք և Օղակաձև զբոսայգու ազգայնացմամբ չեղարկենք երկրի գեղարվեստական մանկուրտացումը։
Այժմ մի քիչ երազենք. մենք գտնվում ենք Ալեքսանդր Թամանյանի թիկունքում գտնվող, ազատագրված և ընդարձակ հողատարածքում, որը նշանավորված է խոսուն մի ցուցանակով. «Այստեղ, հայոց հողի վրա 2009-ից մինչև 2020 թվականը գործել է Գաֆէսճեան արվեստի որքան երջանկահիշատակ, նույնքան էլ տխրահռչակ կենտրոնը»։
«ՄԱԵՍՏՐՈ ՔՈՉԱՐ» ՊՈՒՐԱԿԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԽԱՅԾ
Թամանյան փողոցում` երևելի ճարտարապետի փառահեղ արձանի թիկունքում, տեղադրվում են վերջին հարյուրամյակում ստեղծված հայ կերպարվեստի փառավոր նմուշները, արձանները, քանդակները, որմնանկարները։ Կենտրոնում Մաեստրոյի «Մելամաղձութուն» գլուխգործոցն է։ Շրջակայքում Հակոբ Գյուրջյանի «Սալոմեի» բրոնզե կրկնօրինակը և Գաբրիել Գյուրջյանի հրաշալի արդյունաբերական բնանկարներից մեկը` որմնանկարում։ (Հակոբ Գյուրջյանի երազանքը «Հաղթանակ» արձանի կոթողային չափերով տեղադրումն է որևէ հրապարակում։ Այս մասին վկայում է Մաեստրոն իր «Ես և դուք» գրքում։ Ըստ իս, տիար Հակոբի երազանքի իրականացման նպատակավայրը Մոսկովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկն է, որի մասին վաղուց եմ նշել)։ Այս կենտրոնում ի հայտ կգան մեկական գործ մեր դասականներից, սկսած Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից, Հովհաննես Զարդարյանից և Ռուբեն Շահվերդյանից, Հակոբ Հակոբյանից և Արփենիկ Նալբանդյանից... շատերից և վերջացրած 1960-ականների փայլատակումներով` Մինասով և Դեղձ Աշոտով (Աշոտ Հովհաննիսյան), Վրույրով և Ածանով (Էդուարդ Արծրունյան) Սիրուն Հրաչով (Հրաչյա Հակոբյան) և այլ նշանավոր վարպետներով, նաև Կարո Մկրտչյանով, Այվազ Ավոյանով և մյուս տաղանդներով։ Այս պուրակը մի՞թե ի լուր աշխարհի չի հանրահռչակի հայ ազգային կերպարվեստը։ Հարկավ` այո։ Եվ արդյո՞ք այն չի դառնա զբոսաշրջային մի գերհրապուրիչ խայծ։ (Վերջին այս տողը գրելով կռահում եմ գեղարվեստասեր ընթերցողներիս արմանք-զարմանքը` հարցականների տեսքով. իսկ ու՞ր մնաց ֆրանսահայ կերպարվեստը իր ողջ բարձրաշխարհիկ շուքով, իսկ Սուրենյա՞նցն ու Յակուլո՞վը, հապա արդի վարպետնե՞րը)։
Փարատում եմ կասկածները` գահընկեց անելով հարցականները։
«ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՍՏՂԵՐ» ՊՈՒՐԱԿԻ ԱՍՏՂԱՓԱՅԼԸ
Եթե քայլում եք դեմքով դեպի Սունդուկյան թատրոնը, կնկատեք նրա ձախ կողմից մինչև Ֆրանսիայի հանրապետության դեսպանատան պարիսպը փռված զբոսայգին։ Այն ընդարձակ է և կարող է ընդգրկել Էդգար Շահինին և Լևոն Թյությունջյանին, Պետրոս Կունտուրաջյանին և Գառզուին, Ժանսեմին և մյուս տաղանդներին, մի պուրակային միջավայրում։ Ֆրանսահայ կերպարվեստը բավականին աննախադեպ ու յուրօրինակ երևույթ է, գուցե անգամ համաշխարհային կերպարվեստի չափումներով։ Հայրենազուրկ շնորհալի պատանիները դեգերելով հասնում էին համաշխարհային կերպարվեստի մայրաքաղաք Փարիզ, ենթարկվում էին զանազան փորձությունների, հաղթահարում էին դրանք և կարճ ժամանակ անց դառնում նշանավոր դեմքեր, զարմանալիորեն յուրային ֆրանսիացիների համար, միաժամանակ հայ` հոգով և մտքով, գունաշխարհով և հորինվածքով։ Այս պուրակում պատկերացնում եմ շուրջ 30 վարպետի ընտրանու ցուցադրումը` որմնանկարների տեսքով, տարբեր չափի վահանակ-պատերի վրա։ Այստեղ անհրաժեշտ է մի ճշտում կատարել, նախ հիմնանորոգել Սունդուկյան թատրոնի առջև ջրավազանի պարիսպն ու գմբեթը։ Այցելեք զբոսայգի և կհամոզվեք, որ ոմն ճարտարապետ գլուխգործոց արարելու պահին սայթաքել և հորինել է գլուխկոտրուկ. ջրավազանն իսկապես պարսպապատ ամրոց է հիշեցնում։ Եվ այս ջրավազանը, անկեղծ լինենք, կարող է ուղղակի խրտնեցնել պուրակ այցելող հայ և օտար արվեստասերներին։
ՅԱԿՈՒԼՈՎՆ ՈՒ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ» ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Պողոտայի երկայնքով և լայնքով եկեք տեղադրենք 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի երկնակամարում առկայծող, վերոնշյալ երկու վարպետների ստեղծագործությունների կրկնօրինակները, ամենատարբեր ձևաչափերով, չխախտելով պողոտայի լայնահունությունն ու սլացքը։ Ասենք Յակուլովի «26 կոմիսարներ» հուշարձանի մանրակերտը, Սուրենյանցի «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» հանրահայտ կտավը նաև նրանց թատերական և գրքի ձևավորումները, նրանց շքեղ արվեստն առհասարակ։ Ես մտովի տեսնում եմ Սուրենյանցին և Յակուլով-Յակուլյանին Հյուսիսային պողոտայում։ Ես տեսնում եմ, դուք էլ տեսեք և իմաստավորեք առաջարկս։
ԱՐԴԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ Ի ՏԵՍ ԵՐԿՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ
Մեր ոչ այնքան բարեվարքային այս օրերում հայ նկարիչները, ըստ էության, ազգային-պետական ծրագիր են իրականացնում` ստեղծագործելով օրնիբուն։ Նրանց արվեստն անհրաժեշտ է հանրահռչակել (այս մասին բազմիցս եմ գրել) օրնիբուն։ Թե ինչպես, իմ տեսակետները բազմիցս հայտնել եմ, սպասում եմ հանրային քննարկման, ուղղակի խնդրում եմ, որ քննարկման ժամանակ հաշվի առնվի ամենաէական հանգամանքը. հայ արդի կերպարվեստը բազմահարուստ է իր կատարողներով և պետք է դառնա տեսանելի ապագայում ստեղծվելիք Շնորհապետական Հայաստանի (իմա` Հայկական 4-րդ Հանրապետության) և՛ քաղաքակրթական հիմնասյուներից մեկը, և՛ կարևոր տնտեսական մի քարշակը։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Մայրաքաղաքի սրտում «Մաեստրո Քոչար» պուրակի ընտրությունը պատահական չէ։ Երվանդ Քոչարը ոչ միայն կերպարվեստի հրաբուխ էր (ըստ իս, դեռևս ողջ խորքով չլուսաբանված և չարժևորված), այլև մեր ազգային ինքնության պահպանման ռահվիրաներից մեկը։ Նա երեկ էլ, այսօր էլ, վաղը նույնպես Կոմիտասի և Նժդեհի կողքին կանգնելու պատիվն ունի։ ՈՒշի ուշով եկեք դիտենք Մաեստրոյի Վարդան Մամիկոնյան հուշակոթողը, որը պարզապես գեղարվեստական նվաճում չէ, այլ հայ ազգային ինքնության և մեր առաքելական ուխտի կոփածո կանթեղ է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ